Հետևեք մեզ։

Հարձակվել էին 44-օրյա պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելող առողջապահության նախարարի վրա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

13:08, 07 ապրիլ 2023
Հարձակվել էին  44-օրյա պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելող առողջապահության նախարարի վրա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ապրիլի 4-ին  Ազգային ժողովի դիմաց տեղ ունեցած հավաքի ժամանակ հնչած մտքերին․ «Ինչ-որ անհայտ ՀԿ անդամներ մահվան սպառնալիքներ էին հնչեցրել, ընդհուպ մինչև կախաղան բարձրացնել և այլն։ Այս մասին ՆԳՆ-ն ի՞նչ է արել, կա՞ վարույթ»,-հարցրեց օրենսդիր մարմնի պատգամավորը, չիմանալով, որ ՆԳՆ քրեական վարույթ չի հարուցում։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սագսյանը նախ ընդհանրական դատապարտեց բռնությունը, հետո նշեց․ «ՆԳՆ ծառայողները եղել են այդ միջադեպին, ըստ էության, դեպքի հետ կապված, մեր ծառայողները եղել են տեղում, բայց վարույթի մասով մենք այլևս այդ լիազորությունները չունենք, տեղեկություն չունեմ, կարող եմ ճշտել,և աշխատանքային կարգով տեղեկացնել»։

Բացի այդ, Ալեքսանյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ արդյո՞ք այն դեպքի մասին է խոսքը, երբ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հրահրմամբ մի խումբ մարդիկ հարձակվել են առողջապահության նախարարի վրա ու հայհոյել․ «Տիկին Ավանեսյանի վրա են հարձակվել, երբ նա գնում էր 44-օրյա պատերազմում զոհված իր եղբոր շիրիմին»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս հարցրեը վերաբերում են գլխավոր դատախազությանը և առիթ կլինի առաջիկայում այդ հարցերն ուղղել։