Մարտի 6-ին անհայտ անձը ժամը 05:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Ֆուլ հաուս» սուպերմարկետը փորձել է թալանել։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Գողության պահին խանութի սեփականատիրոջ բջջային հեռախոսին ձայնային ազդանշանի ահազանգ է ստացվել, ու խանութի տերը շտապ մեկնել է խանութ և այնտեղ նկատել գողություն կատարող քաղաքացուն, ով, տեսնելով նրան, դիմել է փախուստի։
Խանութի սեփականատեր, 40-ամյա Արտակ Բ.-ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է տականքին ու բռնել, որի ժամանակ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու անձը մի քանի հարվածներ է հասցրել Արտակ Բ.-ին, ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, սակայն պարեկներին նույնպես չի հաջողվել բռնել նրան։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նա ստացել է «ոտնաթաթի մատի կոտրվածք, արմնկի հոդի կոտրվածք և դեմքի քերծվածքներ» վնասվածքները։
Կայքի տեղեկություններով՝ երբ խանություն տեղադրված անվտանգության ձայնային ազդանշանը միացել է, տերը բահով եկել է խանութ և տեսել, որ ապակին կոտրած է. նա մտել է ներս, այդ ժամանակ հարձակվել են նրա վրա, բահը ձեռքից խլել, նրան գցել գետնին ու սկսել հարվածել, ապա դիմել են փախուստի:
Վանաձորում փորձել են թալանել «Ֆուլ հաուս» սուպերմարկետը. սեփականատերը բահով գնացել է դեպքի վայր, ժամանած պարեկներին չի հաջողվել բռնել գողին․ Shamshyan.com
13:51, 10 մարտ 2024