Սալոնիկի կենտրոնական Արիստոտելի հրապարակում երիտասարդների ամբոխը հարձակվել է երկու տրանսգենդերների վրա, ձերբակալվել է 21 մարդ, քաղաքական գործիչները պահանջում են պատժել հարձակվողներին, հայտնում է iefimerida.gr պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։
«Տարածքում գտնվող երիտասարդների ամբոխի կողմից նախ բանավոր հարձակման են ենթարկվել երկու տրանսգենդեր անձինք, ապա ֆիզիկական հարձակման են ենթարկվել: Ամբոխի մեջ գտնվող մի երիտասարդ մոտեցել է նրանց և թքել նրանցից մեկի երեսին, տուժողը պատասխանել է պաղպաղակ նետելով երիտասարդի վրա, ինչից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Մոտ 150 հոգանոց զայրացած ամբոխը հետապնդել է երկուսին՝ նրանց հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելով»,–գրում է պորտալը։
Տրանսգենդերները պատսպարվել են ռեստորաններից մեկում, քիչ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանական մեծ ուժեր, որոնք ձերբակալել են 21 մարդու։ Նրանց թվում է եղել 11 անչափահաս։
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների թվում են 12 օտարերկրացիներ և 9 Հունաստանի քաղաքացիներ: Միջադեպը դատապարտել է ամենամեծ ընդդիմադիր SYRIZA կուսակցության առաջնորդ Ստեֆանոս Կասելակիսը, ով բացահայտ համասեռամոլ է։ Նա հարձակման տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում եւ կատարվածն անվանել անկման, ֆաշիզմի ու ռասիզմի դրսեւորում։ Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը հայտարարել է, որ մեղավորները կկանգնեն արդարադատության առջեւ: