Հետևեք մեզ։

Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել համայն հայության կարծիքի հետ. ՀՅԴ

14:59, 07 ապրիլ 2023
Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել համայն հայության կարծիքի հետ. ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Կասկադում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին:


Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է


«Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։


Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը
վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում «…որևէ մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «քաղաքացիներից» (մեծատառ շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից):


Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի:


Սակայն ի գիտություն Ալեն Սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք.


- Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ համայն հայության հայրենիքը,


- Համայն հայությունը պարտավո՛ր է տեր կանգնել ամբողջական Հայաստանի հանդեպ իր պարտավորություններին,


- Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել համայն հայության կարծիքի հետ,


- Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ուզեն, թե չուզեն՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է տիրոջ իրավունքով, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը:


Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև վիրավոր»: