Հայիթիի վարչապետ Արիել Հենրին կհեռանա պաշտոնից, երբ ձևավորվի անցումային խորհուրդ և իրեն ժամանակավոր փոխարինող նշանակվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Արիել Հենրին երկրի ղեկավարությունը ստանձնել էր այն բանից հետո, երբ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվեց 2021 թվականին կոլումբիացի վարձկանների կողմից: Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ ընտրություններ պետք է անցկացվեին, և չընտրված Արիել Հենրին պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 7-ը, բայց դա տեղի չի ունեցել։
Հանցախմբերի կողմից երկրում իրականացվող բռնությունների պատճառով Հենրին մեկնել էր Քենիա և Հայիթիում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։
Հանցախմբերը թույլ չէին տվել, որ նրա ինքնաթիռը վայրէջք կատարի Պորտ-օ-Պրենսում, և պահանջել էին նրա հրաժարականը՝ սպառնալով քաղաքացիական պատերազմով։
«Կառավարությունը, որը ես գլխավորում եմ, հրաժարական կտա անմիջապես այն բանից հետո, երբ (անցումային) խորհուրդ նշանակվի․․․․ Ես հայիթցիներին խնդրում եմ հանգստություն պահպանել և անել հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան, որքան հնարավոր է շուտ», - ասել է Արիել Հենրին տեսաուղերձում։
Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են մարդիկ փողոցներում տոնում վարչապետի հրաժարականը։
Մարտի 11-ին տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպել էին Ճամայկայում՝ քննարկելու Հայիթիում անցումային կառավարություն ստեղծելու հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ խորհրդի խնդիրը կլինի բավարարել Հայիթիի ժողովրդի «անմիջական կարիքները» և անվտանգային պայմաններ ստեղծել ազատ ընտրությունների համար։