Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի (Մալխաս) ծննդյան առթիվ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մալխաս ջան/զ» խորագրով համերգային երեկոն: Համերգին ջազի երկրպագուները կվայելեն «Մալխաս ջազ տրիո»-ի և սիրված ջազմենների յուրահատուկ կատարումները: Մինչ համերգի մեկնարկը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Կյանքը ջազում» ֆիլմը, որում Լևոն Մալխասյանն ինքն է պատմում իր մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Մալխասյանն ասաց՝ համերգին մասնակցելու են նաև Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Գրիգորյանը, Գարիկ Սարիբեկյանը, Խաչիկ Սահակյանը և այլք: «Մեծատաղանդ երաժիշտներ են բոլորը, վառ անհատներ, որոնք կնվագեն համերգին: Կարծում եմ՝ երեկոն հետաքրքիր կլինի: Ասեմ, որ Մարտին Վարդազարյանը վարելու է համերգը: Նա ջազային համերգներ վարելու մեծ փորձ ունի և մի քանի միջազգային ջազ փառատոնների ընթացքում եղել է կոնֆերանսիե»,-նշեց Լևոն Մալխասյանը: