ՊԲ մեքենաներ առգրավելու գործընթացում ՆԳ նախարարությունը որևէ գործառույթ չի իրականացնում։
Այս մասին Hayastan.news-ի հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ արցախցիներից ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթացն ակտիվացել է և արցախցի է ծեծի ենթարկվել, հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
«Դեպքի վերաբերյալ հայտնենք, որ մարտի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները Մեծավան գյուղի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ուրալ» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված համարանիշերով, որոնք չէին համապատասխանում մեքենայի նույնականացման համարին։ Ավտոմեքենան տեղափոխվել է Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մարտի 13-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները նկատել են, որ նշված ավտոմեքենայի վարորդն ու մի տղամարդ բացել են պահպանության տակ գտնվող «Ուրալի» շարժիչի ծածկոցը և գործիքով ինչ-որ աշխատանք են կատարում։
Ոստիկանները մոտեցել, ներկայացել են և հայտնել, որ մեքենան գտնվում է պահպանության տակ և առանց թույլտվության այդտեղ գտնվել չի կարելի։ Ոստիկանության ծառայողները պահանջել են դադարեցնել աշխատանքը, սակայն տղամարդիկ ոստիկանների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են նրանց։
Օրինական պահանջը չկատարելու, ինչպես նաև ոստիկանների օրինական գործողություններին միջամտելու համար վարչական ձերբակալում կատարելու պահին մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։