Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 05։15-ի սահմաններում 2 քաղաքացի մոտեցել են Արաբկիր վարչական շրջանի 53 փողոցի նոր կառուցվող թիվ 24 տանը և քարեր, կասկածելի ներկով ու յուղով իրեր են նետել շենքի ուղղությամբ։ Ըստ Շամշյանի՝ տունը պատկանում է Ղազախստանում հայտնի հայ գործարարի:
Ներսում գտնվող աշխատակիցները չեն տուժել։ Այդ պահին նրանք քնած են եղել, սակայն արթնացել են քարերի հարվածներից։Պոլիէթլիային տոպրակներով նետված այդ կասկածելի ներկն ու յուղը ամբողջովին վնասել են տան ճակատային հատվածը, պարիսպը, ինչպես նաև ապակիները։
Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ փչացնելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։