Հետևեք մեզ։

«Ատլետիկոն» հաղթեց «Ինտերին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

02:54, 14 մարտ 2024
«Ատլետիկոն» հաղթեց «Ինտերին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։ «Ատլետիկոն» և «Բորուսիան» նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր, գրում է    Armsport.am-ը։

 

«Ինտերը» Մադրիդում պարտվեց «Ատլետիկոյին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։

 

Միլանցիների կազմում առաջին խաղակեսում աչքի ընկավ Դի Մարկոն, ով խփեց իր 5-րդ գոլն այս մրցաշրջանում և առաջինը ՉԼ-ում։ Սա իտալական գրանդի հոբելյանական՝ 300-րդ գոլն է ՉԼ-ի մրցաշարում։

Քիչ անց մադրիդցիների կազմում հաշիվը հավասարեցրեց Գրիզմանը։

Երկրորդ խաղակեսում արդեն «Ատլետիկոն» հաշվի մեջ առաջ անցավ․ 87-րդ րոպեին աչքի ընկավ Մեմֆիսը՝ 2-1։ Սա Սիմեոնեի թիմի 19-րդ գոլն էր ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում և այդ ցուցանիշով մադրիդյան թիմը զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիին» (24 գոլ)։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց հենց այդ հաշվով։ Առաջին խաղում Ինձագիի թիմը հաղթել էր 1-0 հաշվով և, այսպիսով, երկու խաղերի արդյունքներով թիմերը հաղթողին պետք է որոշեին լրացուցիչ ժամանակում։ Բայց լրացուցիչ ժամանակում թիմերը ևս չպարզեցին հաղթողին և ամեն ինչ արդեն որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները։ «Ատլետիկոն» քառորդ եզրափակիչում է։

Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 110-րդ րոպեին։