Հետևեք մեզ։

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

09:54, 14 մարտ 2024
ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:

 

«Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսեց ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվեց Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:

 

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Ընդգծվեց Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական  տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու  են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից  է:

Խոսվեց միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին:

Նիստի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ ծավալվեցին և առաջարկներ հնչեցին լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ»,-հայտնում է ԱԱԾ-ն։