Կառավարության 2024 թվականի մարտի 14–ի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում ընդունված «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին։
«Բանաձևը Ալմաթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ սույն բանաձևը պետք է Հայաստանում հանրային քննարկման առարկա դառնա։ «Հույս ունեմ՝ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կհայտնեն այս ուղերձի վերաբերյալ։ Պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։