Հետևեք մեզ։

Աշխատանքային քննարկում Քրեակատարողական ծառայությունում՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ

12:27, 14 մարտ 2024
Աշխատանքային քննարկում Քրեակատարողական ծառայությունում՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ, հայտնում են կառույցի հանրային կապերի բաժնից։

Քննարկմանը ներկա են եղել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։

2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշված չորս քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մինչ փորձաշրջանի մեկնարկը, վերոնշյալ բաժինների աշխատակիցներն անցել էին տեսական և գործնական վերապատրաստումներ։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանով հաստատված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ձևաթղթի լրացման առանձնահատկությունները, գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազտազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։