Հետևեք մեզ։

«Իրավունք չունենք միջազգային կառույցներից ինչ-որ բան պահանջելու, եթե ինքներս պահանջատեր չենք»․ արցախցի կանայք խաղաղ ակցիա են կազմակերպել

17:49, 07 ապրիլ 2023
«Իրավունք չունենք միջազգային կառույցներից ինչ-որ բան պահանջելու, եթե ինքներս պահանջատեր չենք»․ արցախցի կանայք խաղաղ ակցիա են կազմակերպել

Ապրիլի 7-ին, «Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, այնուհետև քայլերթով շարժվել դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս: 

 

«Արցախի մայրիկների ակումբի»-ի համակարգող Մարիամ Աբրահամյանը ասել է, որ արցախցի կանայք ակցիայի միջոցով ուղերձ են հղում միջազգային հանրությանը, որն ամիսներ շարունակվող այս շրջափակման ընթացքում գործնականորեն չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այլ բավարարվել է կոչերով և մտահոգություններով: 

«Ուզում ենք, որ այն միջազգային կառույցները, որոնք ստեղծված են իրականում երեխաների ու կանանց իրավունքները պաշտպանելու համար, ի վերջո կրեն ոչ միայն ֆորմալ բնույթ, այլև գործով ապացուցեն, որ համապատասխանում են  իրենց կոչմանը: Միևնույն ժամանակ մենք իրավունք չունենք իրենցից ինչ-որ բան պահանջելու, եթե մենք ինքներս պահանջատեր չենք: Չնայած այս անորոշ վիճակին, ինչ վերջաբան էլ այս պայքարն ունենա, մենք շարունակելու ենք մեր գործը՝ մղելով մեր բաժին պայքարը»,-նշել է Մարիամ Աբրահամյանը: 

Ակցիայի մասնակից Քրիստինե Բալայանը համոզմունք է հայտնել, որ արցախցի կանանց ձայնը լսելի կդառնա աշխարհին: 

«Այսօր բոլորը տեսնում են, որ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքը՝ փակ, որն ագրեսոր Ալիևի ձեռքի գործն է: Մենք ունենք կյանքի ու  ինքնորոշման իրավունք և աշխարհը, միջազգային հանրությունը, որ այսօր ամենուր խոսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, պարտավոր է լսել մեզ: Միջազգային հանրության անդամները պարտավոր են ձեռք մեկնել մեկը մյուսին, որովհետև կյանքը բումերանգ, է և եթե այսօր մեկը մյուսին կողքին չկանգնի, ապա վաղը յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նման իրավիճակում և մեն-մենակ մնալ»,-ընդգծել է Քրիստինե Բալայանը: 

Ակցիան ամփոփվել է Արցախի և Հայաստանի պետական օրհներգներով: