Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռում խնդիր է հայտնաբերվել։ Կառավարական Boeing 737 ինքնաթիռը, որով քաղաքական գործիչը պետք է վերադառնար ԱՄՆ-ից, պարզվել է, որ անսարք է։
Ինչպես հայտնում է Fakt հրատարակությունը, որը վկայակոչում է պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը, խափանվել են օդաչուների խցիկում տեղադրված ինքնաթիռի տեղեկատվական մոնիտորները։ Օդանավը ստացել է Լեհաստան վերադառնալու թույլտվություն, բայց առանց նախագահի:
Հաղորդվում է, որ Լեհաստանի նախագահը ստիպված կլինի օգտագործել պահուստային ինքնաթիռ։ Սակայն պետության ղեկավարի ծրագրերը չեն խաթարվի։ ԱՄՆ այցից հետո Դուդան կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 10-ին Լեհաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ, Տու-154 ինքնաթիռով մեկնել էր Կատին, որտեղ պետք է տեղի ունենային սգո միջոցառումներ։ Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 մարդիկ։