Հետևեք մեզ։

Ի՞նչն է եղել Ինֆորմատիկայի քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության շարժառիթը

14:09, 14 մարտ 2024
Ի՞նչն է եղել Ինֆորմատիկայի քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության շարժառիթը

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Սպանություն իրականացնողը և սպանության ընթացքի մասնակիցներից մի քանիսն արդեն իսկ հայտնաբերվել են։


Hayastan.news-ը տեղեկացել է դեպքի մանրամասներին։ Մասնավորապես, 21-ամյա և 17-ամյա քաղաքացու միջև ընդհարումն առաջացել է փողոցում այն պահին, երբ 21-ամյա երիտասարդը վճարային տերմինալով գործարք անելիս է եղել։ Նրանից քիչ հեռավորության վրա կանգնած երիտասարդներից մեկը եղել է 17-ամյա քաղաքացին։ Նա իր խոսքում ինչ-որ բառ է օգտագործել, իսկ 21-ամյա երիտասարդը կարծել է, թե դա իրեն է ուղղված։ Փորձել է ճշտել՝ արդյոք դա իրեն էր վերաբերում և ստացել է բացասական պատասխան։


Այնուհետև սկսել է հետևել 17-ամյա երիտասարդին, նախ գնացել է այն տարածք, որտեղ նա ապրում է, ապա, ըստ լուրերի, որոշել է սպասել Ինֆորմատիկայի քոլեջի դիմաց՝ մինչ տղայի դասերն ավարտվեն։


Հանրությանը հայտնի դեպքի ընթացքում, երբ ծեծկռտուքին մասնակից մի քանի անձինք մահակներով ծեծել են 17-ամյա տղային, 21-ամյա երիտասարդը դանակով կտրել է 17-ամյա տղայի վիզը։ Նա հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։