Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հարցին, թե որն է եղել 9-ամյա երեխայի մահվան պատճառը:
«Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձինք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն, միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո կհասկանանք, թե որն է եղել մահվան պատճառը: Փորձաքննություններն իրականացվում են. որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր գործողություններն իրականացվեն, և ունենանք արդյունքը»,- ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղիկից 9-ամյա երեխայի մահվան դեպք է գրանցվել:
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:
Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով։Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։