ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ավստրիայից երկու ռուս դիվանագետների արտաքսումը, ասել է, որ երկրների միջև հարաբերությունները «առանձնապես բարդ բան չկա, որ բարդանա», ՌԴ ԱԳՆ-ն արդեն ասել է ամեն ինչ այս հարցում։
Ավստրիական die Presse թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ավստրիայի ԱԳՆ-ն շաբաթվա սկզբին ծանուցել է Ռուսաստանի դեսպանատան երկու դիվանագետների, որ նրանք արտաքսվելու են «իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների պատճառով»: Ավստրիայի ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հաստատել են այս տեղեկությունը՝ պարզաբանելով, որ ռուս դիվանագետները պետք է լքեն հանրապետության տարածքը ոչ ուշ, քան մեկ շաբաթ հետո, այսինքն՝ մարտի 19-ին։ Ավելի ուշ Վիեննայում ռուսական կողմի դիվանագիտական առաքելությունը վրդովմունք է հայտնել Ավստրիայի ԱԳՆ-ի որոշման առնչությամբ՝ ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վերաբերյալ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Ավստրիայի իշխանությունների այս որոշումը համարում է «զուտ քաղաքական» և «կտրականապես չի ընդունում այն»։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է ռուս դիվանագետների արտաքսումը, հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են Ավստրիայի իշխանությունները, և Ռուսաստանը ժամանակին կպատասխանի այդ ոչ բարեկամական քայլին։
«Այո, այնտեղ առանձնապես բարդ բան չկա, փաստորեն, ԱԳՆ-ն ասել է ամեն ինչ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե դիվանագետներին արտաքսելու որոշումը որքանով կբարդացնի Ռուսաստանի Դաշնության և Ավստրիայի հարաբերությունները։