Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի» միջանցքի մասին, որի գոյությունը հերքում է հայկական կողմը։
«Զանգեզուրի» միջանցքի բացումը Միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը տարեկան 1 մլն տոննայից կհասցնի 25 մլն տոննայի։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը։
Թուրք նախարարի խոսքով՝ այս ճանապարհը կդառնա ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլ նաև «միավորող գործոն թյուրքական աշխարհի համար»։
Ուրալօղլուն նաև հավելել է, որ հաջորդ ամիս կավարտվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընթացիկ վերանորոգման աշխատանքները։