Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
- Նույնականացման քարտով (չունենալու դեպքում՝ կարող եք ձեռք բերել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից) և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն:
- Բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոնում բջջային հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ տեղադրել նոր քարտ, այնուհետև սպասարկող անձնակազմի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Նույնականացման քարտի (eID) տարբերակով մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր: Եթե քաղաքացին չի պահպանել ծածկագրերը, ապա նույնականացման գործընթացը կարող է իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով՝ mID տարբերակով։
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
- Այցելել ekeng.amկայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում: