G7 երկրներն ուրբաթ նախազգուշացրել են, որ մտադիր են նոր հակաիրանական պատժամիջոցներ կիրառել, եթե Թեհրանը սկսի Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով G7-ի հայտարարությանը։
«Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռներ կամ հարակից տեխնոլոգիաներ մատակարարել Ռուսաստանին, մենք պատրաստ ենք արագ արձագանքել՝ համակարգված կերպով, այդ թվում՝ Իրանի դեմ նշանակալի նոր միջոցներ կիրառելով», - մեջբերում է WSJ-ն փաստաթղթից հատվածներ։
Հրատարակությունը նշում է, որ Արևմուտքը որևէ նշան չի տեսել, որ Թեհրանը դիտարկում է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։
«Մենք չափազանց անհանգստացած ենք տեղեկություններով, որ Իրանը ուսումնասիրում է բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը: Մենք կոչ ենք անում Իրանին չանել դա», - ասվում է G7-ի հայտարարության մեջ:
Փետրվարի վերջին Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։
Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, նաև զգուշացրել են, որ եթե Թեհրանը հրթիռներ ուղարկի Ռուսաստան, «սա նրանց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»: