«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն:
Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները:
Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի:
Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. պատրաստվում են, որպեսզի պատշաճ դիմավորեն ու ճանապարհեն Փաշինյանին:
Ահա երկուշաբթի օրը եւս մեկ անգամ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն, որպեսզի, այսպես ասած, դերաբաշխում անեն ու նախապես որոշեն, թե որ պատգամավորը ինչ հարց պետք է ուղղի Փաշինյանին, ինչ ելույթ պետք է ունենա, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարների կողմից համապատասխան ցուցումներ ստանան:
Բանն այն է, որ ամեն անգամ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացնում. եթե, օրինակ, սովորական նիստերի ժամանակ նրանց մեծ մասը գալիս, գրանցում ու դուրս է գալիս նիստերից, ապա Փաշինյանի գալու դեպքում միայն ու միայն ընդմիջումների ժամանակ է թույլատրվում դուրս գալ դալիճից:
Իսկ նիստի ժամանակ Փաշինյանին կարելի է ուղղել միայն նախապես մշակված ու սերտած հարցեր, որոնք նախապես բաժանվում են պատգամավորներին, եւ որոնց արդեն պատրաստ է Փաշինյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։