Հետևեք մեզ։

Կարելի է բողոքել խաղաղապահներից, բայց նրանք զսպում են էսկալացիան ԼՂ-ում․ ՌԴ դեսպան

23:37, 07 ապրիլ 2023
Կարելի է բողոքել խաղաղապահներից, բայց նրանք զսպում են էսկալացիան ԼՂ-ում․ ՌԴ դեսպան
 
 Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց Ռուսաստանի ներկայությունը էսկալացիա թույլ չտալու կարևոր գործոն է, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը շարունակում է համագործակցության առանցքային ուղղություններից մեկը մնալ:
 
«Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում համապատասխան համաձայնագրերի շրջանակներում իր ունեցած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմակայանը, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան նաև հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` ցավոք, խաղաղապահների հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում, բայց դա չի ջնջում այն փաստը, որ այն Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման առանցքային գործոնն է:
«Սա, իմ կարծիքով, ապացուցելու կարիք չի զգում», - հավելել է Ռուսաստանի դեսպանը:
Նույնիսկ հիմա, այն պայմաններում, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ մեծ դեր են խաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու առումով՝ աջակցություն ցուցաբերելով կենսական պարագաների, սննդի մատակարարման հարցում։
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այդ ոլորտը զգայուն է և ոչ հրապարակային։
 
Հայաստանում, նրա խոսքով, իրավիճակն առհասարակ առանձնահատուկ է. հանրապետությունում կա ռուսական ռազմակայան, գործում է զորքերի միացյալ խմբավորում, և դա, բնականաբար, ենթադրում է համատեղ միջոցառումներ, զորավարժություններ՝ բավականին կանոնավոր հիմունքներով:
Խոսելով համատեղ զորավարժությունների մասին ՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման ու ամրապնդման, խնդիրների ու հակասությունների քաղաքական կարգավորման համար պայմանների ստեղծման ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս: