Հետևեք մեզ։

Բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում․ միջազգային մամուլում հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀՀ-ում ֆեյք բժշկական դիպլոմներ վաճառում․ Փաշինյան

19:55, 16 մարտ 2024
Բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում․ միջազգային մամուլում հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀՀ-ում ֆեյք բժշկական դիպլոմներ վաճառում․ Փաշինյան

  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նիստի, ի թիվս այլ հարցերի, Փաշինյանն ասել է․ «Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են: ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, կարծում եմ՝ այս արտահայտությունն արդեն մեզ համար, եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի: Եվ ուզում եմ, որ մենք այս ստատուս քվոն լավ հասկանանք, որովհետև ոչ մի առանձին բան նկատի չունենալով, այլ նկատի ունենալով ընդհանուր պատկերը. 60 բուհ նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ և այլն: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին` զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կամ, եթե շատ ուղիղ ասենք, իրենց տեսակետով, մենք դրա մասին չենք խոսում, բայց իրենք ընկալում են այդպես, այդ կարգավիճակներից զրկելու մասին: Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացման և ընդհանրապես մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է, որովհետև մենք բուհական ոլորտում մեր թերությունները զգում ենք ամեն տեղ, բացարձակապես ամեն տեղ:

Փորձագիտական պարզ հարցերի պատասխաններ ստանալը դառնում է ուղղակի անհնարինություն: Երբ բարձրաստիճան պաշտոնյանները, ինչը վատ չէ, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաններն էլ պետք է կրթվեն, սովորեն, բայց պարզ հարցերի պատասխաններ, էլ չեմ ասում, բարդ հարցերի պատասխաններ գտնելու համար ստիպված են գնալ անձամբ փնտրել, գտնել տեղեկություններ, համադրել և այլն: Եվ սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է: Մենք այսօր մեզ շրջապատող իրականության մասին հայտնաբերում ենք տեղեկություններ, որոնք մեզ կենսականորեն անհրաժեշտ էին ասենք 7 տարի առաջ, 10 տարի առաջ և այլն: Այսինքն՝ նշանակում է, որ այդ տեղեկությունների և այդ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին մենք, օրինակ, 10 տարի ուշացել ենք, 5 տարի ուշացել ենք կամ թեկուզ եթե 3 տարի ենք ուշացել, դա նույնպես իր նեգատիվ ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա:

Ուզում եմ նաև ընդգծել մի շատ կարևոր արձանագրում: Եթե, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ պետական բուհերին, և՛ մասնավոր բուհերին: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Եվ սա ֆունդամենտալ արձանագրում է:

Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Եվ, իհարկե, մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների, հանրության հետ, որովհետև սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է:

Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին:

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող բոլոր բուհերը չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել: Եվ Ակադեմիական քաղաքի գաղափարն իրականում այստեղից է ստեղծվել: Մենք ասել ենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր բուհերը համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրությանը, որն ամենաբարձր ստանդարտը չէ: Եվ տեսել ենք, որ դրա հնարավորությունը չկա, չենք կարող այդ շենքերը վերափոխել և այլն, որովհետև ժամանակակից աշխարհում ակնհայտորեն ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակային ենթակառուցվածքի հետ պետք է համադրվի, որովհետև մեկն առանց մյուսի ճեղք է առաջացնում: Եվ սա է պատճառը, որ մենք ասել ենք, ուրեմն պետք է զրոյից սկսել այդ պրոցեսը, և այդտեղից առաջացել է գաղափարը:

Ընդ որում` մենք այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում, օրինակ՝ գործում բուհեր, որոնք ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում, տարբեր մասնագիտությունների ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում և այլն: Եվ երբ գնում ենք այդ բուհերի հետևից` այդ բուհերը փակելու այն տրամաբանությամբ, որ նրանք այդ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում, նրանք մի շատ լեգիտիմ փաստարկ են բերում, ասում են` կներեք, եկեք գնանք պետական բուհերը նայենք: Շատ լավ, դնո՞ւմ եք այդ ստանդարտը, մենք ոչ մի խնդիր չունենք, ուրեմն այդ ստանդարտը դրեք բոլոր բուհերի համար՝ և՛ մասնավոր բուհերի, և՛ պետական բուհերի, և՛ օտարերկրյա բուհերի համար: Այստեղ է, որ տեսնում ենք` եթե շատ սկզբունքային գտնվենք, բոլոր բուհերը պետք է փակվեն այն տրամաբանությամբ, որ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում:

Հետևաբար, եթե երկարաժամկետում տեղափոխում ենք բուհերն Ակադեմիական քաղաք, որը, ըստ էության, մեգանախագիծ է, մեկ միլիարդ և ավելի դոլարի ներդրում կպահանջի երկարաժամկետում, հարց է ծագում՝ հին շենքերն ի՞նչ են լինելու: Նախկինում Հայաստանում այդ պրակտիկան է գործել, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերն օտարվում են, բայց մենք հընթացս էլ հասկացանք, որ դա վատ գաղափար է: Եվ մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ Երևան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա Ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին: Բայց սա այն է, ինչի մասին այսօր մտածում ենք:

2018 թվականին գիտության ֆինանսավորումը եղել է 14,3 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 40,2 մլրդ դրամ է, և գործնականում գրեթե 3 անգամ ֆինանսավորումն ավելացել է: Նաև գիտաշխատողների աշխատավարձն է բարձրացել: Շատ կարևոր է, որ սկսել ենք բավականին մեծ ծավալով սարքեր, սարքավորումներ ձեռք բերել գիտության համար` գիտության պրակտիկ և ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու նպատակով: Նաև կառուցակարգային փոփոխություն ենք արել, այժմ մենք ունենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Իհարկե, մեր ընկալումը և պատկերացումն այն է, որ այս ծրագրերը, ռեֆորմները պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը, որը մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության պետական շահն է:

Եվ ամփոփելու համար, այս միտքն ուզում եմ նորից ընդգծել, որովհետև նաև մենք մեր պետության գոյության ընթացքում անընդհատ փնտրել ենք, թե Հայաստանի Հանրապետության պետական շահ ասելով, ի վերջո ի՞նչ նկատի ունենք: Եվ մեր եզրակացությունն այն է, համենայնդեպս՝ մենք փորձում ենք այդ հայեցակարգը դնել մեր գործողությունների հիմքում, որը ֆունդամենտալ գիտության և հետազոտության հարց է, բայց նորից այդ հարցերի պատասխանները փորձում է փնտրել և գտնել կառավարությունը, ըստ էության, միայնակ: Մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և/կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման»: