ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
«Մարտի 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Սպուտնիկ»-ը:
Նա նշել է, որ այսօրը սկսել է բարձր, աշխատանքային տրամադրությամբ։
«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային ժամանակաշրջանում։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է՝ ձեռնարկվել են կազմակերպչական, տեղեկատվական բոլոր անհրաժեշտ քայլերը, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է կատարել իր քաղաքացիական պարտքը, կարողանա դա անել իր համար առավելագույն հարմարավետ պայմաններում։