Կուրացած և ուրացած պետք է լինես, որ չկարողանաս ստացածդ ժառանգությունը համարել քոնը և տեր կանգնել։ Այս մասինՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ ասել է Բագրատ Սրբազանը։
«Խոնարհ հարսի նման՝ գլուխներս կախ, պիտի թույլ տանք, որ մեր Հայրենիքը հանձնվի՞, թե՞ պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը, որ փորձում է մեր տունը խառնել»,-ասել է հոգևորականը։
Նա իր խոսքում նշել է, թե ի՞նչ լավ կյանք, եթե ոչ հող ունես, ոչ Հայրենիք ունես, ոչ տուն ունես, թափառական տնազուրկ ես։
«Չկա մեզ համար որևէ թիվ մեր Հայրենիքի սահմանները չափելու, չկա։ Որտեղ մենք ենք, այնտեղ էլ մեր Հայրենիքն է։ Ի՞նչ ենք թողնելու մեզնից հետո՝ պատվից ու անունից առավել, մեզ ինչպե՞ս են հիշելու սերունդները։ Մեզնից հետո թողնելու ենք արտագաղթ, որբություն, թողնելու ենք թշնամուն ծառայություն՝ ամբողջության մեջ, ինքությունից զրկում»,-ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Բագրատ Սրբազանը ասում է, որ որևէ մեկը իրավունք չունի հանձնել իր հայրենքի որևէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որևէ կարևորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունը ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»:
«Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք։ Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել ենք ձեր վարած պատերազմը ՀՀ կառավարություն և նրա գլուխ։ Այս արնահոսությունը պետք է դադարի։ Աստված թող այնքան ուժ և իմաստություն տա, որ կարողանանք այս վճռական փուլից պատվով, արժանապատվությամբ, սխրանքով և հաղթանակով դուրս գանք՝ որպես զորացած և նորացած ազգ»։