Ռուսական ալիքների խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները, առաջիկայում Մոսկվայում ընդանալու են կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է իր առաջարկները։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ լուծումները բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությւոնից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի լինի ՀՀ ներքին գործերի միջամտություն կամ վիրավորանք պետության և պետական խորհրդանիշների հանդեպ։
Հարցին՝ քննարկումները երբ են տեղի ունենալու, Հայրապետյանը նշեց․ «Այո, հստակ օր կա, բայց ես հիմա չեմ հնչեցնի», հարցին՝ քննարկումներին գնում են՝ օրակարգում ունենալով հանրային մուլտիպլեքսից այդ ալիքները հանելու հա՞րցը, Հայրապետյանը արձագանքեց․ «Պոլիտկոռեկտությունից ելնելով՝ մեր առաջարկների մանրամասներից զերծ կմնամ, բայց վստահեցնեմ, որ յուրաքանչյուր որոշում, որը որդեգրում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, դրա առանցքում ՀՀ արժանապատվությունն է դրված»։