Հետևեք մեզ։

ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ վերաբերյալ ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում․ Տիգրան Աբրահամյան

11:32, 08 ապրիլ 2023
ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ վերաբերյալ ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով  սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկի ու ՀՀ արձագանքի մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:

Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում:
Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյո՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ:
Սա չափազանց կարևոր է հասկանալ, որովհետև իր հետ մեծ թվով հարցադրումներ է բերելու:

Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում:

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:
Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը»: