Հետևեք մեզ։

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ողբերգական վթարի մասին

16:05, 19 մարտ 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ողբերգական վթարի մասին
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում են Քննչական Կոմիտեից։
 
Բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինը, ստացած այրվածքներից տեղում մահացել են:
 
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
 
Դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
 
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վթարի և ավտոմեքենայում հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու նպատակով։
 
Բուժօգնության տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։