Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը:
Յենս Ստոլտենբերգը նշել է. «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը, ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում»։
Վարչապետ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մեր երկրի խաղաղ ձգտումներին: