Հետևեք մեզ։

Հօգուտ այլ պետության տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են. «Հայաստան» դաշինք

18:51, 19 մարտ 2024
Հօգուտ այլ պետության տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել։

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները:

 

Մասնավորապես.

 

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:

 

Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար:

 

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները:

 

Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջքաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:

 

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են:

 

Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են:

 

«Հայաստան» խմբակցություն

 

19.03.2024 թ.»։