Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանն արցախցի պաշտոնյայի դիմումին. «Հրապարակ»

08:13, 20 մարտ 2024
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանն արցախցի պաշտոնյայի դիմումին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր։

 

Սակայն Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։

 

ԱԺ նախագահի խոսնակին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման առաջարկ, եւ ընդունե՞լ է Ա. Սիմոնյանը Բաղունցին: Խոսնակ Նելլի Ղուլյանը փոխանցեց․ «Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ եւ օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանեց` ոչ, չի եղել:

 

Չնայած արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ Բաղունցը` որպես քաղաքացի, հանդիպել է ԱԺ նախագահի հետ։ Մեր տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահը փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել անգամ լսել այդ մասին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։