Հետևեք մեզ։

Ես մի փոքր այլ պատկերացում ունեի Հայաստանի մասին. Պետրակով. «Ֆասթ Մեդիա»

08:32, 20 մարտ 2024
Ես մի փոքր այլ պատկերացում ունեի Հայաստանի մասին. Պետրակով. «Ֆասթ Մեդիա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում նշել է, թե ինչն է իր համար անակնկալ եղել Հայաստանում։

 

«Գիտեք, ձեր մտածելակերպը… Ես մի փոքր այլ պատկերացում ունեի Հայաստանի մասին: Ես, ինչպես ասում են, խորհրդային մարդ եմ, բայց երբ եկա այստեղ և տեսա ձեր մտածելակերպը, այն ինձ դուր եկավ: Մարդիկ շատ բարեհոգի են, օգնություն առաջարկող, չար չեն: Բոլորը հաջողություն են ցանկանում: Անկեղծորեն շնորհակալ եմ այդպիսի վերաբերմունքի համար: Շատ եմ ուզում փոխհատուցել այդ վերաբերմունքը: Չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ, բայց ես ուզում եմ օգնել Հայաստանին: Ես անկեղծորեն դա ուզում եմ անել, բայց ֆուտբոլիստներ են անհրաժեշտ՝ բաց և ուղիղ ասում եմ: Հիշե՛ք, մարզիչը միշտ կախվածություն ունի ֆուտբոլիստներից:

 

Մոտեցումները, բնավորությունները տարբեր են, հատկապես հայ ֆուտբոլիստների շրջանում: Նրանք հպարտ են, ահավոր տաքարյուն, եկեք խոստովանենք՝ կարգապահության տեսանկյունից այնքան էլ լավը չեն: Գալիս են հավաքական, ասում են՝ «ուզում եմ տուն գնալ», ասում եմ՝ «սպասի՛ր, ակումբում էլ ես ասո՞ւմ, որ գիշերելու ես ինչ-որ տեղ: Ակումբում գումար են ստանում, պայմանագիր կա, բայց սա ազգային հավաքականն է: Սա ամբողջ ազգի հպարտությունն է:

Հայաստանի ժողովուրդը քեզ պատվիրակում է ազգային հավաքական: Պետք է երկրիդ համար խաղալու պատասխանատվություն ունենաս:

 

Անկեղծ ասած՝ երբ եկա, զարմացա, որ հայ ֆուտբոլիստները 2-3 լեզու գիտեն, իսկ դա նույնպես մտածելակերպ է: Անկեղծ եմ ասում՝ նրանք բարձրակարգ կրթությամբ մարդիկ են: Երբեք դրա մասին չէի մտածել ու դա չէի սպասում: Իմ տարածաշրջանում արդեն այդպես չէ, բայց այստեղ ես նաև մեծերի նկատմամբ հարգանք տեսա: Նրանք հարգում են մեծերին ու լսում են նրանց: Դա հաճելի է: Ամենակարևորն այն է, որ մարզչին լսեն: Եթե մարզիչը տեսնում է, որ իրեն լսում են, որ մարզումների կամ տեսական պարապմունքների ժամանակ խաղացողներին փոխանցում է այն, ինչ ցանկանում է տեսնել, և նրանք իրեն լսում են ու սկսում են իրականացնել դա, լավ է: Իսկ երբ տեսնում ես, որ մարդիկ չեն կատարում, չեն լսում, իհարկե աղետ է: Բայց այս տղաներն այդպիսին չեն: Բոլորն են լսում, և մենք ընդհանուր հասկացողություն ենք գտել: Ինչ-որ տեղ ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց տղաները լսում են: Դա հաճելի է»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։