Հետևեք մեզ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության որոշումներում հանցակազմ առկա՞ է, թե ոչ. Araratnews.am-ը հարցում է ուղարկել դատախազությանը

16:42, 20 մարտ 2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերության որոշումներում հանցակազմ առկա՞ է, թե ոչ. Araratnews.am-ը հարցում է ուղարկել դատախազությանը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2024թ.–ից սկսած արդեն 3 անգամ անընդմեջ հայտարարում է «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման մրցակցային գնման ընթացակարգեր, որոնք շատ արագ՝ մասնավորապես 1 և 2 գնման ընթացակարգերը չեղյալ են հայտարարվել ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով՝ այն պարագայում, երբ այդ մրցույթներին մշտապես եղել են մասնակիցներ, գրում է Araratnews.am-ը։

 

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության https://gnumner.minfin.am/ կայքում հրապարակված տեղեկությունների, առաջին անգամ №061/GArm/24_4.3_016/12.01.24 ծածկագրով մրցույթը հրապարակվել է 12.01.24թ․ին, իսկ 30․01․24թ-ին հայտարարվել չկայացած, երկրորդ անգամ արդեն №073/GArm/24_4.3_016/13.02.24 ծածկագրով մրցույթը հայտարարվել է 13.02.24-ին և 04․03․24-ին կրկին հայտարարվել չկայացած, իսկ երրորդ անգամ արդեն «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցույթը հայտարարվել է 15.03.2024թ. և սպասվում է արդյունքների ամփոփմանը։

 

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ 12.01.24թ.-ին հայտարարված մրցույթի հրավերում կատարել է փոփոխություններ և 25․01․24թ-ին հայտարարելով նորը փոփոխել է հաշվիչների հիշատակված արտաքին չափերը ավելի փոքրացնելով դրանք (այդպիսի արտաքին չափերով հաշվիչներ շուկայում հայտնաբերելն անհնարին է եղել), իսկ 15.03.2024թ. մրցույթը հայտարարվել է անհասկանալի և չհիմնավորված կերպով երկփուլ մրցույթ։

 

Տպավորություն է ստեղծվում, որ «Գազպրոմ Արմենիան» նման քայլերով պարզապես փորձում է դուրս մղելով այլ մասնակիցների, գնման գործընթացին մասնակից դարձնել իրեն նախընտրելի ընկերությունների՝  այդ նպատակին ծախսելով հարյուրավոր միլիոն դրամներ ավելի, մասնավորապես՝ 15.03.2024թ. հայտարարված «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցույթի շրջանակներում գտնում ենք, որ միտումնավոր գնման ընթացակարգը  հայտարարվել է երկփուլ («Գազպրոմ Արմենիան» երբևէ G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերը չի հայտարարել երկփուլ), որպեսզի 1–ին փուլի ընթացքում «դուրս մղվի կամ մերժվի» իրենց համար ոչ ցանկալի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը և որպես հետևանք 2–րդ փուլին հնարավորություն կունենա գնային առաջարկ ներկայացնել բացառապես «Գազպրոմ Արմենիայի» կողմից նախընտրելի մասնակիցը և արդյունքում ներկայացնելով նախահաշվային գնին մոտ բարձր գին։

 

Նշենք, որ թվարկված փաստերով պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիայից» հարցմամբ խնդրել ենք մանրամասնել, թե ինչ հիմքով է չկայացած հայտարարվել №061/GArm/24_4.3_016/12.01.24 ծածկագրով մրցույթը և ինչու է դա կատարվել երկու մասնակցի կողմից հայտերը բացելուց հետո և ինչու չէր կարող մրցույթի չեղարկումը կատարվեր մինչև հայտեր ներկայացնելը:

 

Նաև ինչով են պայմանավորված հաշվիչների չափերի փոփոխությունները, արդյոք  նախկին չափերը չեն համապատասխանել  «Գազպրոմ Արմենիայի» պահանջներին և ինչով է պայմանավորված այդ չափերի փոփոխությունը: Խնդրում ենք նաև հայտնել, արդյոք առկա է «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցույթի հաշվիչների համապատասխան չափի արտադրանք, եթե այո՝ ապա որ արտադրողի մոտ և որ մոդելի ու ինչու է արդեն «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցույթը իրականացվում  երկփուլ ընթացակարգով, եթե նախորդ տարիներին, ինչպես նաև 2024թ. նախորդ նույն երկու  մրցույթները եղել են միափուլ:

 

Հավելենք, որ Araratnews.am-ը դիմել է նաև Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրման առարկա դառնան նշված գործընթացները և պարզ լինի՝ հանցակազմ առկա՞ է դրանցում, թե ոչ։