Հետևեք մեզ։

Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը կմնան․ Փաշինյանը նշել է՝ որ գյուղերը կան ՀՀ քարտեզում, որոնք՝ չկան

18:35, 20 մարտ 2024
Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը կմնան․ Փաշինյանը նշել է՝ որ գյուղերը կան ՀՀ քարտեզում, որոնք՝ չկան

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված ՀՀ Կառավարությունը չի պատրաստվում զիջել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց, թե ՀՀ կառավարությունն ինչ գործողությունների է պատրաստ։


«Ես ադրբեջանական գյուղերի անուն չեմ տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է տվել։ Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը ինքը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ ուղղակի արձագանքեցի՝ հարցնելով, որ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Ես հիմա օգտվելով առիթից՝ ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե ինչի պատրաստակամություն ունենք։ Մենք ասում ենք, որ, այո, մենք ասում ենք, որ պատրաստ ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա սկսել հետևյալ հատվածում․ ՀՀ-ի կողմից այդ տարածքը, որից պետք է սկսենք, գյուղի դիմաց գտնվող սահմանի մասին է, ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս-Այրում, նույն գյուղերը չեն սրանք։ Հաջորդը՝ ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղը, դիմացը գտնվող ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է։ ՀՀ-ի կողմից Կիրանց գյուղ և նրա դիմացը գտնվող ադրբեջանական Խրեմլի գյուղ։ ՀՀ-ի կողմից Բերքաբեր գյուղ, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ ադրբեջանական կողմից Կիզիլ Հաջիլի գյուղ, ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ օրինակ՝ Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ և Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ 

Փաշինյանը նշեց՝ իր նշած գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։

«Բաղանիսը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ, միշտ էլ կմնա այս քարտեզի մեջ, Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ Ոսկեպարը գտնվում է և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասքիպարա գյուղը միշտ դուրս է գտնվել և այսօր էլ դուրս է։ Կիրանցը այս քարտեզի մեջ է և կմնա այս քարտեզի մեջ, Խերիմլի գյուղը դուրս է այս քարտեզից։ Բերքաբերը այս քարտեզի մեջ է և կլինի»,-ասաց նա և հավելեց, որ այլ բան է, որ սահմանի դելիմիտացիայով պայմանաավորված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված հարցեր կան։