Հետևեք մեզ։

Թուրքիան շարունակում է իր ապագան տեսնել Եվրոպայում. Հաքան Ֆիդան

10:20, 21 մարտ 2024
Թուրքիան շարունակում է իր ապագան տեսնել Եվրոպայում. Հաքան Ֆիդան

Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ռազմավարական տեսլականը մնում է ուժի մեջ, սակայն ԵՄ-ում նման երկխոսություն վարելու քաղաքական կամք չի դրսևորվել։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Անկարայում իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Թուրքիան շարունակում է իր ապագան տեսնել Եվրոպայում։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր նախագահը, ԵՄ-ին անդամակցելու Անկարայի ռազմավարական տեսլականը չի փոխվել։ Միգուցե մեզ համար ավելի հեշտ է զարգացնել հարաբերությունները ԵՄ առանձին երկրների հետ, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը նշանակում է կոնսենսուսային որոշումներ ընդունել: Սա ոչ միշտ է մեր օգտին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, բանակցային գործընթացի համար պահանջվում է ԵՄ հիմնական երկրների քաղաքական կամքը։

«2004-ին և 2005-ին այդ բանակցությունները կային, բայց հետագայում այդ գործընթացը կանգնեց։ Արդյունքում իր տեղը զբաղեցրեց այլ քաղաքական դիրքորոշում Թուրքիայի դեմ»,- հավելել է Հաքան Ֆիդանը։