Հետևեք մեզ։

Մահացել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը

10:28, 21 մարտ 2024
Մահացել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը

Մահացել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը։ Այս մասին հաղորդել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Խորը ցավով, սրտի մեծ կսկիծով եմ հայտնում Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, շատերիս ուսուցիչ, ավագ ընկեր Միքայել Աղաջանովի մահվան մասին․․․

․․․Աղաջանովի մասին խոսելիս անհնար է չխոսել բժշկական համալսարանի պատմության մասին: Բժշկական համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների տասնյակ սերունդների համար նրա ներկայությունը, բժիշկ-գիտնականի կերպարը օրինակելի էին: Նրա դեպքում տարիների իմաստությունն ու երիտասարդական ավյունը, մեծ փորձն ու աշխատասիրությունը մեկտեղվել էին: Ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչը, բժշկագիտության նահապետն իր ներկայությամբ հատուկ մթնոլորտ էր ձևավորում ինչպես ռեկտորատի, այնպես էլ Գիտական խորհրդի նիստերում, բուհական տարատեսակ նախաձեռնություններում ու քննարկումներում, Կարգապահական հանձնաժողովում, որի ղեկավարն էր: Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին:

 

Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր էր գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Միխայիլ Իոսիֆովիչ», - գրել է Մուրադյանը:

Նշենք, որ Միխայիլ Աղաջանովը Իոսիֆ Աղաջանովի հայրն է։ Վերջինս այն անձն է, ում 1996 թվականին դաժանաբար սպանելու համար ցմահ ազատազրկման է դատապարտված Մհեր Ենոքյանը։