2021 թվականի հուլիսի 7-ին Պարեկային ծառայության պետի պաշտոնում նշանակված Արթուր Ումրշատյանը երկու տարի անց՝ 2023 թ․ փետրվարի 16-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ումրշատյանի ազատման վերաբերյալ այդպես էլ որևէ պատճառաբանություն կամ բացատրություն չներկայացվեց։ Այս պահին պարեկային ծառայության նախկին ղեկավարը որևէ պաշտոն չի զբաղեցնում, միաժամանակ համալրված չէ նաև ՊԾ պետի պաշտոնը, որ երկու ամիս է՝ թափուր է։
Թեմայի շուրջ Hayastan.news-ը զրուցել է Արթուր Ումրշատյանի հետ։
-Պարոն Ումրշատյան, ի վերջո, ո՞րն էր պատճառը, որ ազատեցինք Ձեզ Պարեկային ծառայության պետի պաշտոնից, հատկապես, որ նախկինում, երբ խոսում էինք այս թեմայով, ասում էիք՝ այդպիսի խնդիր, խոսակցություն չկա։
-Իհարկե, չկար։ Էսպես կարող եմ ասել՝ ես սպա եմ, այսինքն՝ լսում եմ և կատարում եմ։
-Դժգո՞հ էին Ձեր աշխատանքից։
-Չեմ կարող ասել, եթե նման խոսակցություն լիներ, անկեղծ՝ Ձեզնից չէի թաքցնի։
-Պարզապես, Ձեր ազատմանը նախորդեց, օրինակ, հայտնի Hummer-ի դեպքը, էլի դեպքեր, ու հնարավոր է՝ այդ ամենի քավության նոխազը Դուք դարձաք։
-Չէ,ամեն ինչ նորմալ է, մենք զինվոր ենք, զինվորական ենք ու մեր երկրի զինվորն ենք, ու մենք միշտ էլ պատրաստ ենք մեր երկրի համար ջանք ու եռանդ չխնայելու՝ ինչպես միշտ։ Ձեր նշած դեպքերից էլ միայն Hummer-ի դեպքն է եղել իմ օրոք, բայց ուղիղ կապ, չեմ կարծում, որ ունի։ Դա վերլուծության հարց է։
- Եթե լավ էիք աշխատում, ինչո՞ւ ազատեցին, եթե վատ էիք աշխատում, ապա ո՞րն էր խնդիրը։
-Իսկ ի՞նչ գիտեք, որ մի 15 օր, մի ամիս կամ 6 ամիս հետո մի պատասխանատու ծանրություն ես իմ ուսերին չեմ տանելու։
-Չէ, չեմ բացառում, որովհետև, օրինակ, Հրաչյա Սարգսյանն էլ քաղաքապետի պաշտոնից ազատվեց և նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական, դրանից առաջ նույնը տեղի ուենցավ էլ Շիրակի մարզպետը հետ։ Դուք նմա՞ն ծանրություն նկատի ունեք։
-Ես Ձեզ խնդրում եմ ժամանակից առաջ չընկնել, ես նորից եմ կրկնում՝ ես սպա եմ, զինվոր եմ, իմ երկրի զինվորն եմ ու կյանքս էլ անգամ չեմ խնայի երկրի համար։ Այնպես որ, սպասենք՝ տեսնենք, այս պահին հանգստանում եմ, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, էդ խնդիրներով եմ զբաղված, լուրջ բան չկա, բայց պետք է վերականգնվել։
-Մեզ տեղեկություն հասավ, որ Ձեզ առաջարկել են ինքնակամ դիմում գրեք հեռանաք, բայց Դուք ասել եք՝ թող տասը օր ժամանակ տան, բայց հետո չեք գրել, ու Ձեզ արդեն իրենք են ազատել։
-Չէ, չէ, նման բան չկա, ինձ չի առաջարկվել դիմում գրել։
-Այդ դեպքում Ձեր ազատումն ինչպե՞ս է տեղի ունեցել, Ձեզ նախապես տեղեկացրե՞լ են, որ պատրաստվում են Ձեզ ազատել պաշտոնից։
-Չեն ազատել, ուղարկել են կադրերի տրամադրության տակ։
-Իսկ բացատրե՞լ են՝ ինչու են ուզում Ձեզ ուղարկել կադրերի տրամադրության տակ։
-Բաներ կան, որ մենք իրար հետ ազատ խոսում ենք, ես էլ ազատ պատասխանում եմ Ձեր հարցերին։ Բայց մի քիչ շատ եք դետալային փորձում հիմա ինչ-որ պատասխան ինձնից լսել, ես ասացի՝ ոնց է արվում, կադրերին նշանակում ու ազատում են օրենքին համապատասխան։ Դա նորմալ պոցեդուրա է։ Իսկ ոստիկանական համակարգը էնպիսի համակարգ է, որ շատ հաճախակի են լինում նման դեպքեր՝ կադրերի ռեզերվ, ռեզերվից՝ նշանակում, նորից ռեզերվեր․․․
-Ազատելն ու նշանակելը նորմալ պրոցես է, աննորմալ է առանց բացատրության ազատելը։ Երբ մարդ աշխատում է, որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, ու հանկարծ այդ մարդուն ազատում են, ինչո՞ւ են ազատում, ինչպես ասում են՝ թողնեն, թող աշխատի։
-Կարող է այլ պատասխանատվության տիրույթ կա, որտեղ ինձ տեսնում են, ես չեմ կարող ասել։
-Ի դեպ, Ձեր ազատվելուց հետո մինչ օրս Պարեկային ծառայությունը նոր պետ չունի։ Հիմա առանց պետի ինչպե՞ս է «յոլլա գնում» պարեկային ծառայությունը։
-Վերջին արտահայտությունը լավն էր։
-Դա կարելի է երկակի հասկանալ, պարոն Ումրշատյան, որ եթե առանց ղեկավարի որևէ ոլորտում կարող են «յոլլա գնալ», այդ դեպքում ղեկավարն էլ իրենց ինչի՞ն է պետք, իսկ եթե ղեկավար անհրաժեշտ է, ու առանց դրա չի լինի, այդ դեպքում ինչո՞ւ չեն նշանակում, ինչո՞ւ են թողել ոլորտը անտեր։
-Ես որքանով գիտեմ՝ պրոցես կա, մրցույթ է հայտարարված, ու շատ մոտ ժամանակներս կլինի։
-Ամեն դեպքում, այս պահին, ինչպես հասկացա, ակնկալիք ունեք, որ Ձեզ ավելի պատասխանատու պաշտոնի նշանակեն։
- Ոչինչ բացառված չէ, բայց դրա հակառակն էլ է հնարավոր, որ ոչինչ չլինի։ Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ միշտ ինչ-որ ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր անցած ճանապարհը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։