Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին, ձգտում է «դուր գալ» ԱՄՆ ղեկավարությանը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Բելգրադ» վավերագրական ֆիլմում. ՌԴ ԱԳ նախարարի խոսքը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Հիմա, եթե վերցնենք Մակրոնին և նրա պնդումը, որ «հնարավոր է, որ մենք ցամաքային զորքեր ուղարկենք Ուկրաինա», ապա դա այլևս «ռազմավարական ինքնավարության» մասին չէ, այլ՝ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներին «դուր գալու» ձգտում»,- նշել է նա։
Լավրովն ասել է, որ եվրոպական երկրների ներկայիս ղեկավարները սեփական երկրների ազգային շահերը չեն համարում առաջնահերթություն՝ դրանք ստորադասելով «արևմտյան միասնական կոլեկտիվ պահանջին»։
«Եվրոպան ամբողջությամբ ընկել է ԱՄՆ-ի «տակ»: Անկախություն չկա»,-ասել է Լավրովը:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ԵՄ-ն անվանել է «կռվարար կազմակերպություն», որտեղ «առաջին տեղում են ոչ թե իրենց ժողովուրդների և պետությունների ազգային շահերը, այլ անձնական նեղ եսասիրական ծրագրերը, նկրտումները և ինտրիգները»։