Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի անդամները, որոնք ստանձնել են Մոսկվայի մարզում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, վերջին մի քանի ամսում, ըստ Ֆրանսիայի նախագահի, քանիցս փորձել են հարձակումներ իրականացնել Ֆրանսիայի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Էմանուել Մակրոնը հայտնել է Գայանա ժամանելուց հետո։
«Այս խմբավորումը, որը, ըստ երևույթին, ներգրավված է այդ հարձակման մեջ, վերջին ամիսներին գրոհի մի քանի փորձ է իրականացրել մեր տարածքում», - Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան «ՌԴ-ի հատուկ ծառայություններին, որպես տարածաշրջանում մեր գործընկերների, առաջարկել է ուժեղացված համագործակցություն»։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ նպատակն է «որքան հնարավոր է ավելի արագ գտնել այս ահաբեկչության պատասխանատուներին» և արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին։
Իր հերթին, The New York Times-ը գրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի առանձին փորձագետներ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մտահոգություն են հայտնել, որ ահաբեկիչներն այժմ կարող են «կրկնապատկել իրենց ջանքերը՝ գրոհներ իրականացնելու Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, որոնք արդեն հարձակումների ենթարկվել են վերջին 10 տարում»։
Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։