Հետևեք մեզ։

Եթե անում ենք, ամբողջական պետք է անենք, թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ․ Ավինյանը՝ Արամ Մանուկյանի արձանի քանդված քարերի մասին

11:45, 10 ապրիլ 2023
Եթե անում ենք, ամբողջական պետք է անենք, թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ․ Ավինյանը՝ Արամ Մանուկյանի արձանի քանդված քարերի մասին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձավ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակայքի և Արամ Մանուկյանի հուշարձանի քանդված քարերին թեմային, քանի որ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ քաղաքապետարանի նորոգածը քանդվել է։

«Ասում են, որ աշխատանքը, որն արել եք, բավարար որակով չեք արել, դա այդպե՞ս է, թե՞ ոչ»,-հարցրեց Ավինյանը Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանին։ Վերջինս բացատրեց, թե դա մանիպուլյացիա է՝ այդ տարածքում ոչ մի շինարարություն, իրականում, չի կատարվել, որ հետո քանդված լինի։

«Դեռևս անցած տարի գործակարգավարականների ժամանակ քննարկվել է և փաստվել է, որ որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել, և դրա համար առանձին մրցույթ ենք հայտարարել։ 12 միլիոնով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սա, կարծում եմ, մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած ածխատանքները որակով չեն եղել, որովհետև էդ հատվածում երբեք ոչ ծավալներով, ոչ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել։ Նաև դրան հավելեմ՝ ունենք նմանատիպ խնդիր «Հաղթանակ» կամրջի հետ կապված, էնտեղ էլ իբր կատարողական ենք տվել ծավալներին չհամապատասխանող։ Տեղեկացնեմ, որ սա ևս սուտ է, որովհետև դեռևս կատարողական չի տրված «Հաղթանակ» կամրջի շինարարության համար»,-ասաց խորեն Գրիգորյանը։

Ավինյանն առաջարկեց, որ հետագայում, եթե ինչ-որ մի տեղ անում են շինբարեկարգման աշխատանքներ, տեղեր չթողնեն, որոնք ներառված չեն նախագծում։ «Եթե անում ենք, ամբողջական պետք է անենք ու կոմպլեքս պիտի անենք, որ հետո չստացվի՝ մենք ինչ-որ մի հատված արեցինք, ինչ-որ հատված բաց մնաց։ Ես գիտեմ, որ հիմա էդպես ենք անում, և սա նախկինից մնացած նախագիծ է, բայց, այնուամենայնիվ, այս հիշեցումը, կարծում եմ, չի խանագարի, թե չէ ամեն մի տենց տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել։ Եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»,-ասաց Ավինյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ