Լոնդոնի Գերագույն դատարանը մի շարք պայմաններ է առաջադրել ԱՄՆ կառավարությանը՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու համար։ Այս պայմանները կատարելու համար հատկացված է երեք շաբաթ, և եթե Վաշինգտոնը չկատարի դրանք, ապա Ասանժը կկարողանա բողոքարկել արտահանձնման որոշումը և այն կրկին կքննարկվի։
Գործնականում դա նշանակում է, որ Ասանժի արտահանձնումը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ չի կայանա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Դատարանը պահանջում է ԱՄՆ-ից երեք շաբաթվա ընթացքում տրամադրել հետևյալ երաշխիքները. Ասանժը կկարողանա վկայակոչել ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը, որ նրա Ավստրալիայի քաղաքացիությունը չի վնասի իր շահերին ԱՄՆ-ում դատավարության ժամանակ, և որ եթե մեղավոր ճանաչվի, նա մահապատժի չի դատապարտվի։