Հետևեք մեզ։

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել․ «Հետք»

14:45, 27 մարտ 2024
Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է. «

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ արդյունաբերության այդ աճը մեծապես պայմանավորված է ոսկերչության ոլորտով։ Նոյեմբերին Վիճակագրական կոմիտեն սկսեց ոսկերչական արտադրանքի աննախադեպ ծավալներ ցույց տալ։ 

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։

Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։ 

Թեև փետրվարի բացվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։ 

Այսինքն՝ ոսկերչության ոլորտի այս վիճակագրությունն էական դեր ունի Հայաստանի ամբողջ արդյունաբերության, ինչպես նաև՝ տնտեսական աճի վրա։

Սակայն, այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում` հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն և արտադրական հզորությունները։ 

«Հետք»-ի հետաքննությամբ պարզվել է, որ ոսկերչական արտադրանքի ոլորտի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է  ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև՝  ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Վերջինիս ընտանիքը Ռուսաստանում է ոսկերչությամբ զբաղվել։ 

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր։ 

Վարկած կա, որ սա իրականում Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու՞ է տվյալ արտադրանքը գրանցվում որպես Հայաստանում արտադրված։ 

Մաքսային ծառայությանը տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչության ոլորտի այս կտրուկ աճին զուգահեռ Հայաստանը նույնքան կտրուկ ավելացրել է ոսկերչական իրերի արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը։ Սակայն, այս մասին պաշտոնական հանրային քննարկումներ առայժմ չենք հանդիպել։ 

Այս տարվա հունվար-փերվարին տնտեսական ակտիվության աճին նպաստել են նաև ներքին առևտրաշրջանառությունը՝ 24.1%-ով աճելով նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, շինարարությունը (աճը՝ 10.8%) և ծառայությունների ոլորտը (5.2%):

Արտահանումն աճել է 2.6 անգամ 

Արդյունաբերության աճին զուգահեռ 2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից արտահանումն աճել է 2.6 անգամ՝ կազմելով մոտ 2 մլրդ 570 մլն դոլար»։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։