Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջությամբ։ Բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվ դաշտին լիովին համապատասխան, Քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված որոշումների մասին։
ՀՀ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երևանից Քարտուղարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ»,- ասել է Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատում է կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգին ու ընթացակարգերին խստորեն համապատասխան։
«Մենք, իհարկե, վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ որոշ իրադարձություններ և տրամադրություններ հայաստանյան էլիտաների մոտ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և Կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։