Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ է ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
«Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»,- գրել է Արցախի նախագահը: