Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում մասնակցել Ուկրաինայի գագաթնաժողովին Շվեյցարիայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով։
«Մենք ամեն ինչ պատրաստ ենք, սպասում ենք, որ մեր գործընկերները իրենց համաձայնությունը տան, բայց դա շատ դժվար է, քանի որ բոլոր գործընկերները պետք է հաստատեն, որ կմասնակցեն։ Մեծամասնությունը մեր կողմից է, բայց ոմանք դեռ կշռադատում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նրանք գումար են աշխատում, քանի որ պայմանագրեր ունեն»,- ասել է Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Շվեյցարիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկին խնդրել է Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով կազմակերպել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը, Կիևը ցանկանում է գագաթնաժողովներ անցկացնել՝ ուկրաինական «խաղաղության բանաձևը» հաստատելու համար։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը նշել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը Ռուսաստանի մասնակցությունն այլընտրանք չունի, և անհնար է խաղաղ գործընթացն իրականացնել առանց Ռուսաստանի Դաշնության։ Նա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանին կհրավիրեն։