Մարտի 28-ին ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել եմ «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով:
ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ զորախաղին հետևել ենք նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:
Ծանոթացել եմ նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Ընդգծել եմ ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:
Ավելի ուշ օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել եմ այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետև զորավարժարանի մեկ այլ տեղամասում հետևել եմ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Բարձրաստիճան սպաները ներկայացրել են ակադեմիայի տեսական դասերի ու գործնական պարապմունքների նոր ձևաչափը, որը նպաստելու է անձնակազմի մարտական պատրաստության ամրապնդմանը, արհեստավարժության բարձրացմանը:
Հետևել եմ կուրսանտների հրաձգությանը, հանձնարարել եմ խրախուսել լավագույն արդյունք գրանցած զինծառայողներին»,-գրել է նա։