Հետևեք մեզ։

ՊԵԿ աշխատակցի կողմից առաջարկ է եղել, որ գումարի մի մասը թաքցվի, մենք սխալը արել՝ համաձայնել ենք, որի համար պատժվել ենք․ Ավետիս Խախամյանը՝ ՊԵԿ տեսանյութի և հարկեր թաքցնելու մասին

17:04, 10 ապրիլ 2023
ՊԵԿ աշխատակցի կողմից առաջարկ է եղել, որ գումարի մի մասը թաքցվի, մենք սխալը արել՝ համաձայնել ենք, որի համար պատժվել ենք․ Ավետիս Խախամյանը՝ ՊԵԿ տեսանյութի և հարկեր թաքցնելու մասին

Պետեկամուտների կոմիտեն օրերս մի հաղորդագրություն և դրան կից տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և  Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

 

 Մասնավորապես, այդ ընկերություններից մեկը, որը բազմաբնակարան շենք է կառուցում Նորք Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 38/5 հասցեում, 110 քմ մակերեսով բնակարանի համար 1 քմ-ն սահմանել է 3272 դոլար իրացման գին, որից 1818 դոլարը գնորդից պահանջել է վճարել կանխիկ, իսկ մնացած 1454 դոլարը փոխանցել ընկերության բանկային հաշվեհամարին։ Այլ կերպ ասած՝ 110 քմ մակերեսով և 360 հազար դոլար ընդհանուր արժեքով բնակարանը ձեռք բերելու համար,համաձայն պայմանավորվածության, գնորդը կառուցապատողին պետք է կանխիկ վճարեր 200 հազար դոլարը, իսկ 160 հազար դոլարը՝ փոխանցեր ընկերության բանկային հաշվեհամարին։  

 

 Երկրորդը Երևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող Բուզանդի 45/2 հասցեում կառուցվող շենքում ձեռք բերվող բնակարաններին է վերաբերում, որտեղ 500 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 104,8 քմ մակերեսով բնակարանի գնման դեպքում կառուցապատողը գնորդից պահանջել է կանխիկ վճարել 150 հազար դոլարը, իսկ 138 մլն 524 հազար դրամը՝ փոխանցումով։ Այսպիսով, առաջին դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։  Այս ամենը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցները պարզել են՝ կատարելով հսկիչ գնում և հանդես գալով որպես ծպտյալ գնորդներ։ Դրանից հետո, մի դեպքում՝ ընկերության տնօրենը, իսկ մյուս դեպքում՝ ընկերության հիմնադիրն ու վաճառքի գծով տնօրենը ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարևույթ և փոխանցվել Քննչական կոմիտեին։  ՊԵԿ հաղորդագրության մեջ և տեսանյութում, սակայն, կառուցապատողների և ձերբակալված անձանց անունները չի նշվում։ Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ կառուցապատողներից առաջինը Amanoo բնակելի թաղամասը կառուցող «Khakhamyan Heritage» ընկերությունն է, որի ղեկավարը «Էլ հոլդինգ» և «Խախամյան հերիթիջի» ընկերությունների հիմնադիր Ավետիս Խախամյանն է՝ երբեմնի «El Style» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի ամուսինը։ Խախամյանը նաև «Մանթաշյանց» գործարարների միության անդամ է։  

 

 Նա Hayastan.news-ի հետ զրույցում չհերքեց, որ ՊԵԿ տեսանյութում ներկայացված հարկեր թաքցրած ընկերություններից մեկը՝ առաջինը, հենց իր ղեկավարած ընկերությունն է՝ նշելով, որ իրենք արդեն վերականգնել են թաքցրած հարկային պարտավորությունները։  «Մենք ունեցել ենք հարկային պարտավորություն, բայց մեզ մոտ նույն ընթացակարգը չի անցել։ Հարկային ճշգրտում ենք ներկայացրել, և մեր գործընթացը ավարտվել է։ Այսինքն՝ այն, ինչ վերաբերում է մյուս կառուցապատողներին, ընդհանուր մի կաթսայի մեջ է ներկայացված պատկերը։ Իհարկե, մենք մասնակի խնդիրներ ունեցել ենք, որոնք լուծվել են, բայց նույն խնդիրները չեն, ինչ մյուս կառուցապատողների մոտ։ Այո, մենք ունեցել ենք գույքի ճշգրտված հաշվետվության ներկայացման կարիք, ներկայացրել ենք, հարկերը վճարել ենք, վերջացրել ենք»,-ասաց Ավետիս Խախամյանը՝ նշելով, այդ ամենը ՊԵԿ աշխատակցի ուսումնասիրությունների արդյունքում է պարզվել որպես կեղծ գնորդ ներկայանալու ժամանակ։

 

 -Այսինքն՝ հարկ եք թաքցրել, հետո վերականգնել եք այդ թաքցրած հարկերը, ճի՞շտ եմ հասկանում։    

 

-Չէ, գնորդը, որը ներկայացել է որպես ՊԵԿ աշխատակից, ինքը նախկինում, երբ եկել է բանակցելու, ընթացակարգը ուրիշ ձև է ներկայացրել, որի արդյունքում եկել ենք երկկողմանի համաձայնության, որը, իհարկե, ենթադրում էր հարկերից խուսափում։ Քանի որ գործընթացը ավարտին չի հասցվել, հենց այդ փուլում կանխվել է այդ գործընթացը, այսինքն՝ մենք այդ գործարքը չէինք կատարել, դրա համար էլ դրանից հարկեր չէին կարող գոյանալ։  

 

  -Հիմա Դուք ի՞նչ արժեքով եք առաջարկում ձեր բնակաարնների 1 քմ-ն։ Այսինքն՝ ավելի ցածր գնով եք առաջարկում, բայց իրականում ավելի բա՞րձր է գինը։

 

    -Մեզ մոտ արժեքները տատանվում են՝ 950 հազար դրամից մինչև 1 մլն 600 հազար դրամ։

 

    -Կոնկրետ այդ դեպքում, երբ ՊԵԿ աշխատակիցը եկել և հսկիչ գնում է փորձել կատարել, այդ դեպքում հարկերից խուսափելու կամ հարկեր թաքցնելու դեպք եղե՞լ է ձեր ընկերության կողմից։    

 

-Այո, եղել է, որի համար մենք պատժվել ենք։ Տեսեք, առաջարկ է եղել, որպեսզի գումարի մի մասը թաքցվի, մենք համաձայնության ենք եկել, գործարքը կանխվել է Պետեկամուտների կոմիտեի կողմից, դրա հիման վրա բացվել է հարկային ուսումնասիրություն, և մյուս գույքերի նկատմամբ ճշգրտումների արդյունքում հարկային պարտավորություն է գոյացել, որը մենք վճարել ենք։

 

    -Այսինքն՝ ՊԵԿ աշխատակի՞ցն է Ձեզ առաջարկել կամ դրդել, որ հարկերից խուսափեք։  

 

  -Եկեք ես էդպես չմեկնաբանեմ դա, ուղղակի ընթացակարգով այդպես է արվում՝ առաջարկում են, հետո մյուս կողմը սխալը անում համաձայնում է, որի համար պատժվում է։ Թակարդը դրված ժամանակ մենք ընկել ենք թակարդը, իհարկե, դա գլոբալ առումով մեր խնդիրն է, ոչ թե ՊԵԿ-ի խնդիրը։  

 

  -Իսկ Ձեզ կամ Ձեր ընկերության տնօրենին ձերբակալե՞լ են, քանզի տեսանյութում երևում է Ձեր կառուցած շինությունը ու նաև կադրեր, թե ինչպես են ինչ-որ անձանց ձերբակալում։    

 

-Տեսանյութում երևում է մեր շինությունը, բայց տեսանյութում երևում են ուրիշ մարդիկ՝ ձերբակալության ընթացքում։    

 

-Իսկ Ձե՞զ են կանչել հարցաքննության, թե՞ տնօրենին։    

-Չէ, վաճառքի բաժնի մենեջերին են կանչել, և հետո ես ներկայացել եմ որպես հիմնադիր։  

 

Նշենք, որ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խոշոր չափով հարկերից խուսափելու հոդվածով։ Առաջին ընկերության, այն է՝  Ավետիս Խախամյանի հիմնած «Խախամյան հերիթիջի» ընկերության կողմից եղել մոտ 160 մլն դրամի վնասի վերականգնում, որից հետո անձը ազատ է արձակվել, այսինքն՝ ձերբակալված չկա։ Երկրորդ ընկերության մասով վնասի վերականգնում չկա, և ձերբակալված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։ Քննչական կոմիտեից ասացին, որ երկու դեպքում էլ նախաքննությունը շարունակվում է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։