Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկիի երգերը սիրում է և՛ հասուն սերունդը, և՛ երիտասարդությունը: Արտիստի ստեղծագործություններն անձնական են, միևնույն ժամանակ բոլորինն են, պատմում են սիրո, բաժանման, հին ու բարի ժամանակների, մարդկային ապրումների, երիտասարդության և ուսերին տարիների բեռ կրող մարդկանց մասին:
Շուֆուտինսկիին Հայաստանին կապում են ոչ միայն նվիրված երկրպագուները, այլև հայ ընկերները, որոնց նախաձեռնությամբ արտիստը 75-ամյակի շրջանակում հյուրընկալվեց Երևանում և կատարեց իր հին երգերը: Ինչպես ինքն է ասում. «Հին երգերը՝ հին բարեկամների համար»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Երբ դեռ շատ երիտասարդ երաժիշտ էի, ինձ հրավիրեցին հայ երգչուհի Լոլա Խոմյանցի ջազային խումբ: Նա մեր երկրի լավագույն ջազ երգչուհիներից մեկն էր: Լոլայի հետ նվագելը, նրան նվագակցելը մեծ երջանկություն էր: Խոմյանցի հետ համերգներով պտտվեցինք ամբողջ երկրում: Նրա ամուսինը՝ Արտաշես Ավետյանը, որ Թեհրանից էր, հայկական անբացատրելի գեղեցիկ երգեր էր կատարում: Այդ ժամանակից շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, էլ չեմ խոսում այնպիսի դասականների մասին, որոնցից է Արամ Խաչատրյանը: Ես մեծ հաճույքով ու անկեղծ սիրով եմ եկել Երևան, որտեղ վաղուց չէի եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շուֆուտինսկին և հավելեց՝ տասը մատի պես գիտի Հանրապետության հրապարակը, որին կից հյուրանոցում հյուրընկալվել է տարիներ առաջ:
Արտիստը համերգային երեկոն ավարտեց «Մարջանջա» երգով: Բոլոր ներկաները պարում էին, ձայնակցում նրան: Շուֆուտինսկին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոստացավ վերադառնալ, եթե երկրպագուները ցանկանան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։