Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը, փոխանցում է ԱԳՆ խոսնակը։
Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:
«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:»