Հետևեք մեզ։

Հայաստանը ԱՄՆ-ին և Եվրոպային համարում է իր հիմնական գործընկերները, իսկ օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան

00:23, 01 ապրիլ 2024
Հայաստանը ԱՄՆ-ին և Եվրոպային համարում է իր հիմնական գործընկերները, իսկ օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան
Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:
 

Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։

 Միրզոյանն այդ հարցազրույցում ասել է, որ Հայաստանը ԱՄՆ-ին և Եվրոպային համարում է իր հիմնական գործընկերները, սակայն դա չի նշանակում արտաքին քաղաքականության շրջադարձ․ «Մենք ունենք ժողովրդավարություն, և մենք ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հիմնական գործընկերներն են։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ: Ես սա շրջադարձ չէի անվանի»,- ասել է նա: